18 սեպտեմբերի 2010 - 12:56 AMT
ՀԱՊԿ շրջանակում կձեւավորվեն ճգնաժամային արձագանքման որակապես նոր մեխանիզմներ

ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Քննարկվել է միջգերատեսչական հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը: Օրակարգում էր նաեւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանն ուղղված փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման հարցը:

«Համաձայն օգոստոսի 20-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների` ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակվել են կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանն ուղղված փաստաթղթերի նախագծեր: Փաստաթղթերի միասնական փաթեթի ընդունման դեպքում ՀԱՊԿ շրջանակում կձեւավորվեն ճգնաժամային արձագանքման որակապես նոր, գործուն եւ ժամանակակից մեխանիզմներ»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման ընդհանուր սկզբունքները քննարկվել են սեպտեմբերի 7-ին` ՀԱՊԿ քարտուղարությունում կայացած` կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի ներկայացուցիչների խորհրդակցությունների ընթացքում, հավանության է արժանացել կազմակերպության նորմատիվ իրավական բազայի կատարելագործման եւ ճգնաժամային արձագանքման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման գաղափարը:

Կարեւոր սկզբունքներից է` Ճգնաժամային իրավիճակներում որոշումների արագ ընդունման մեխանիզմների սահմանումն ու կիրառումը: Դա նախատեսում է ընթացակարգերի պարզեցում, փաստաթղթերի շրջանառության արագացում, որոշումների ընդունման ժամկետների հնարավոր կրճատում, անհրաժեշտության դեպքում` հեռակա քվեարկության կազմակերպում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպության կանոնադրական մարմինների արտահերթ նիստերի անցկացում տեսակոնֆերանսի միջոցով եւ այլն:

ՌՀՄՀ կայանալիք նիստում կքննարկվեն ՀԱՊԿ շրջանակում ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի նախագծեր, որոնք քննարկվել են 2010թ. օգոստոսի 25-26-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացված համաձայնեցման հանձնաժողովի նիստում: Նշված փաստաթղթերի ընդունումը նախատեսվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի` առաջիկայում կայանալիք նստաշրջանում, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: