18 սեպտեմբերի 2010 - 14:54 AMT
Ոչ մի ՄԱԿ հատուկ պատվիրակ չի կարող լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը

Ոչ մի ՄԱԿ հատուկ պատվիրակ չի կարող արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: ԵԱՀԿ Մինսկի խմբի լիկվիդացումն ու, առավել ևս, նրա ընդօրինակումն այլ մակարդակում կարգելակեն անգամ այն գործընթացը, որն այժմ ընթանում է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, նման հայտարարություններն ավելի շատ դասվում են քարոզչության, քան հակամարտության լուծումն արագացնելու իրական փորձերի շարքին: «Իրական արագացման համար փոխզիջումների պատրաստակամություն է հարկավոր, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Իսկանդարյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ նշանակելու անհրաժեշտության մասին հայտնել են Լատվիայի նախկին նախագահ, ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ, Եվրոպական Միության Երկարաժամկետ զարգացման գծով փորձագետների խմբի փոխնախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան և Բելգիայի Սենատի պատվավոր նախագահ Անն Մարի Լիզինը: