19 սեպտեմբերի 2010 - 14:12 AMT
Երևանում բողոքում են Աղթամարի ՍԲ Խաչ եկեղեցում պատարագ տալու դեմ

Սեպտեմբերի 19-ին Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում պատարագ է տրվել և տեղի է ունեցել բողոքի ցույց` Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում տրվող պատարագի դեմ: “Այսօր Հայաստանի տարբեր հատվածներում երկու տարբեր միջոցառում է տեղի ունենում` առաջինը` թուրքական կառավարության կազմակերպած խեղկատակությունն է, իսկ երկրորդը` բողոքի ցույցն ու պատարագը: Ես պատահական չասացի` Հայաստանի տարբեր հատվածներում, քանի որ մենք տարբերություն չենք դնում Արևմտյան Հայաստանի ու Արևելյան Հայաստանի միջև”, - լրագրողներին հայտարարել է Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Միաժամանակ նա հայտնել է նաև, որ Անկարան փորձում է քարոզչության միջոցի վերածել Հայաստանի մշակութային ժառանգությունն ու հոգևոր արժեքները, ինչը Հայաստանը երբեք չի ընդունի:

Հայկ Դեմոյանը միջոցառման ընթացքում ելույթ ունենալով ասել է, որ բողոքի այս գործողությամբ Հայաստանն ուզում է ցույց տալ, որ “հայերն իրենց հիշողությունների տերերն են և ոչ մի ուժ չի կարող նրանցից խլել այդ իրավունքը”: “Այս գործողությամբ մենք Թուրքիայի կառավարությանն ենք հղում մեր ուղերձը` “Երբե’ք չմոռանալ, մի’շտ հիշել”, - նշել է նա: “Միասին” նախաձեռնողական խմբի նախագահ Հակոբ Հակոբյանն, իր հերթին, ասել է, որ այս բողոքի ցույցը 95 տարի առաջ ընդհատված պատարագի շարունակությունն է:

Միջոցառմանը մասնակցում էին մի քանի հազար մարդ, հիմնականում` երիտասարդներ, որոնք բռնել էին` “Թուրքիա’, կատարի’ր միջազգային քո պարտականությունները” և “Մեզ մեր եկեղեցին որպես պարտք մի’ տվեք” բովանդակությամբ խոսուն պլակատներ: