20 սեպտեմբերի 2010 - 13:59 AMT
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը համոզված է, որ իր սաները պատրաստ են oլիմպիադային

Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 30-ը Խանտի Մանսիյսկում տեղի կունենա 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Օլիմպիադային մասնակցելու են 1376 շախմատիստներ 158 երկրից:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հավաքականն անցկացրել է երկշաբաթյա հավաք, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-15-ը Ջերմուկում: «Հավաքը նորմալ է ընթացել: Ամենակարևորը` մեր խմբում ընկերական մթնոլորտ է, և բոլոր շախմատիստները պատրաստ են օլիմպիադային: Երկու-երեք տուրերից հետո պարզ կդառնա, թե որ տեղը կարող ենք զբաղեցնել»,- ասել է Պետրոսյանը:

Նա Հայաստանի հավաքականի մրցակիցներ է համարում Ռուսաստանի հավաքականի առաջին և երկրորդ թիմերին, որոնք վարկանիշով զբաղեցնում են բարձր տեղեր: «Մենք մրցելու ենք 10-12 հավաքականների հետ, այդ թվում` Ուկրաինայի, Իսրայելի, ԱՄՆ-ի: Դժվար է ասել, թե որ տեղը կգրավենք, բայց կպայքարենք մինչև վերջ»,- նշել է օլիմպիադայի կրկնակի չեմպիոնների գլխավոր մարզիչը:

Խանտի Մանսիյսկում կխաղան Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը:

Իսկ Հայաստանի կանանց հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը և Անահիտ Խառատյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Աշոտ Անաստասյանը: