20 սեպտեմբերի 2010 - 15:50 AMT
Իտալական «Ռենկո» ընկերությունը գոհ է Հայաստանում կատարած իր ներդրումների արդյունքներից

Սեպտեմբերի 20-ին Երևանում իտալական հայտնի «Ռենկո» ընկերությունը շահագործման հանձնեց հերթական կառույցը` «Plazza Grande» բազմաֆունկցիոնալ համալիրը:

Շենքի շինարարական աշխատանքները սկսվել էին 2,5 տարի առաջ: Իտալական կազմակերպությունը 2007թ. 42 հազար քմ մակերես ունեցող շենքը գնել էր պաշտպանության նախարարությունից և նոր համալիրի կառուցման համար ներդրել 50 մլն դոլար:

«Մի քանի տարի Հայաստանի շուկայում աշխատելով` նկատեցինք, որ այստեղ մեր կատարած բոլոր ներդրումներն արդարացնում են մեր սպասումները: Այս նոր համալիրը ևս դրա ապացույցն է: Շենքի կառուցման ժամանակ օգտագործվել է միայն ժամանակակից և որակյալ տեխնիկա և սարքավորումներ: Կատարված է որակյալ աշխատանք»,- ասել է «Ռենկո» հոլդինգի գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին:

«Plazza Grande» բազմաֆունկցիոնալ համալիրը բաղկացած է 3 մասից. -1 և 0 հարկերում առևտրային տարածքն է առանձին մուտքով, 1-3 հարկերը օֆիսային տարածքներ են , 4-10 հարկերում՝ բնակարաններ:

«Երևանում բացվող այս կարգի յուրաքանչյուր կառույց որակի առումով մյուսների համար կարող է օրինակ ծառայել: Կստեղծվի նաև մրցակցություն, ինչի արդյունքում կունենանք աշխատանքի որակյալ արդյունք: Ինձ ամենից շատ դուր եկավ այն , որ համալիրի բնակելի տների բնակիչներն այստեղ տեղափոխվելու են վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, այսինքն՝ այդ առումով մեկը մյուսին չի խանգարի»,- ասել է շենքի բացմանը ներկա Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Իսկ այն հարցին, թե որքանով է նոր կառույցը համահունչ մայրաքաղաքի ճարտարապետությանը, շենքի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանն ասել է. «Այս հարցին կարող է պատասխանել միայն ժամանակը»: