22 սեպտեմբերի 2010 - 13:06 AMT
Երևանում մեկնարկել է Հայաստանի ու Վրաստանի միջգերատեսչական աշխատանքային խմբերի երկկողմ հանդիպումը

Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկեց Հայաստանում և Վրաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակման ու կատարաելագործման համար պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբերի համար կազմակերպված երկկողմ աշխատաժողովը: Աշխատաժողովը կազմակերպվել է «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի կողմից՝ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ընդհանուր համակարգմամբ:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի բյուջեն 1 403 000 եվրո է: Ծրագրի նպատակը Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական աշխատակարգերի ներդրումն է, ինչպես նաև ներգերատեսչական, միջգերատեսչական ու միջազգային համագործակցության ընդկայնումն ու զարգացումը, մասնավորապես՝ Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ պետությունների և միջազգային կառույցների միջև:

Նիստին մասնակցել են ՀՀ ԱԱԾ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրկ Բոբերգը, ՀՀ-ում եվրոպական պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը, ինչպես նաև Հայաստանի ու Վրաստանի պետմարմինների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են սահմանների անվտանգության ռազմավարություններին առնչվող իրավական ակտերի մշակման համար: