23 սեպտեմբերի 2010 - 10:36 AMT
Մելինե Դալուղյանը դարձավ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Անթալիայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, և սեպտեմբերի 22-ին 69 ք/կ-ում հանդես եկավ Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը:

Հայ ծանրորդը համառ պայքարում դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր և վարկանիշային միավորներ բերեց Հայաստանի հավաքականին Լոնդոնի օլիմպիական խաղերի համար, որոնք կայանալու են 2012-ին:

«Պոկում» վարժությունում Դալուզյանը բարձրացրեց 108 և 112 կգ և նվաճեց բրոնզե մեդալ: «Հրում» վարժությունում նա բարձրացրեց 139 կգ և կրկին դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 251 կգ և դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր:

Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ ռուս ծանրորդ Սվետլանա Շիմկովան 256 կգ արդյունքով, չինուհի Յու Կանգը նվաճեց արծաթե մեդալ (253 կգ):

Սեպտեմբերի 23-ին հանդես կգան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (75 ք/կ), օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Գևորգ Դավթյանը (երկուսն էլ 77 ք/կ):