23 սեպտեմբերի 2010 - 16:22 AMT
Բատմանի նահանգապետից պահանջում են ներողություն խնդրել քրդերի և հայերի մասին անհարգալից արտահայտությունների համար

«Ժողովրդավարական պլատֆորմի» թուրքական 32 հասարակական կազմակերպություններ Բատմանի նահանգապետ Ահմեդ Թուրանից պահանջում են ներողություն խնդրել քրդերի և հայերի մասին անհարգալից արտահայտությունների համար: Բատմանում տեղի ունեցած մամլո ասուլիսում «Խաղաղություն ու ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության խմբավորման նախագահ Սալիխ Էրոլը վերջնագիր է ընթերցել, ուղղված նահանգապետին, քանի որ նա «ֆաշիստական և ռասիստական արտահատություններ է թույլ տվել հայերի ու քրդերի հասցեին»: Վերջնագրի հեղինակները կոչ արեցին նահանգապետին հրաժարական տալ:

Ինչպես գրում է «Հյուրիեթը», Թուրանը հայտարարել է, թե «մայրենիով դասավանդում պահանջող քրդերը խիղճ չունեն և ծառայում են հայերի շահերին: Իսկ հայերն ընդհանրապես ոչինչ անել չգիտեն և պիտանի են միայն ծառայության համար»: Ըստ Էրոլի, նահանգապետի նման վարքագիծը պետք է համարժեք պատասխան ստանա: