24 սեպտեմբերի 2010 - 11:44 AMT
Գյումրին և Վանաձորը կծանոթանան հայրենական դեղարտադրությանը

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրի աջակցմամբ, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության կենտրոնը սեպտեմբերի 24-ին Գյումրիի «Օազիս» համալիրում կազմակերպում են «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» շնորհանդես-միջոցառումը` «Առողջ ազգ, առողջ տնտեսություն» քարոզարշավի շրջանակներում:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին «Ջի Էքս Պի» Գերազանցության կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը, ԴԱՆ միության այս քարոզարշավի մեկնարկից ի վեր (25 մայիս, 2010թ.) իրականացվել են մի շարք միջոցառումներ, սեմինարներ, մասնագիտական դասախոսություններ, դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» հանդիպում, բարեգործական ակցիաներ, մամլո ասուլիսներ, պատրաստվել են դեղագործության ոլորտը լուսաբանող հեռուստահաղորդումներ, տպագրվել են հարցազրույցներ և հոդվածներ, որոնց նպատակն էր ընդարձակել հանրային իրազեկությունը հայկական դեղաարտադրության վերաբերյալ և բարձրացնել վստահությունը հայրենական արտադրողների նկատմամբ: Միջոցառումների ընթացքում ներկայացվել են հայրենական դեղարտադրության առավելությունները, որոնք են մշտական վերահսկելիությունը, երաշխավորված որակը, գնային մատչելիությունը և արտադրող-սպառող անմիջական կապի առկայությունը:

Այս հերթական շնորհանդես-միջոցառումը , ըստ էության, Շիրակի մարզի և մարզկենտրոն Գյումրիի առողջապահության ոլորտի մասնագետների հետ զրույց-հանդիպում է` հայկական դեղարտադրության ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների, նվաճումների և մարտահրավերների քննարկման նպատակով: Հրավիրված են Շիրակի մարզպետը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի ներկայացուցիչները, Գյումրիի քաղաքապետը, մարզի առողջապահության ոլորտի ավելի քան 100 ներկայացուցիչ` բժիշկներ, դեղագետներ, ինչպես նաև լրագրողներ:

Ելույթ կունենան «Լիկվոր», «Արփիմեդ», «Էսկուլապ», «Երևանի քիմիական դեղագործական ֆիրմա» և «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունների ներկայացուցիչները`վերհանելով դեղարտադրության գերակա խնդիրները, դրանց տրվող կարճաժամկետ լուծումներն ու հեռանկարային նպատակները: Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նաև ԴԱՆ միության կողմից մշակված էթիկայի կանոնները, դեղագործական մարքեթինգի նոր կոդեքսները, ինչպես նաև տեղեկատվություն «Ջի Էքս Պի» Գերազանցության կենտրոնի դասընթացների և հետագա ծրագրերի վերաբերյալ: