24 սեպտեմբերի 2010 - 20:12 AMT
«ԱրմենՏել» և ՏՄՊՊՀ ներկայացուցիչները հայտարարություններով են փոխանակվել

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ի պատասխան «ԱրմենՏելի» ներկայացուցիչների հայտարարությունների հրապարակել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի պատասխանները լրագրողների հարցերին: Մասնավորապես, նշվում է, որ ծառայությունից լիարժեք օգտվելու համար սպառողը, ով պարտադիր չէ, որ համակարգչային մասնագետ լինի, դժվարությունների հանդիպելով ստիպված է լինում դիմել մասնագետի օգնությանը, որին, ի դեպ, առաջարկում են հենց «ԱրմենՏելից»` պարզաբանելով, թե պայմանագիր ունեն այդ ծառայությունները մատուցող «AASoft» ընկերության հետ: «Արդյունքում` սպառողը ստիպված է լինում վճարել այն բանի դիմաց, որն իրեն խոստանում էին տրամադրել անվճար: Վարույթի շրջանակներում «ԱրմենՏելից» ստացված գրության մեջ ընկերությունն անուղղակի կերպով ընդունել է, որ սպառողներն իրոք շփոթում են այդ հասկացությունները` փաստորեն անուղղակի կերպով ընդունելով նաև գովազդում ներկայացվող տեղեկատվության միջոցով սպառողին մոլորեցնելու հանգամանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես իր հերթին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին «ԱրմենՏելի» մամլո ծառայությունից, համակարգչային կարգավորումներն, ի դեմս Հանձնաժողովի պնդումների, երբևէ չեն եղել «ԱրմենՏել» ընկերության կողմից տրամադրվող վճարովի ծառայություն ոչ ակցիայի շրջանակում և ոչ էլ ակցիայի շրջանակից դուրս: «ԱրմենՏել» ընկերությունը և ակցիայից առաջ, և ակցիայից հետո, ինչպես նաև դրա շրջանակում տրամադրել է անվճար խորհրդատվություն համակարգչային կարգավորումների վերաբերյա` միաժամանակ տրամադրելով համակարգչային կարգավորումների ուղեցույցը: Ընդ որում, «ԱրմենՏել»-ը չի սահմանափակում և պատրաստ է սպառողին տրամադրել խորհրդատվություն այնքան անգամ, որքան նրան անհրաժեշտ է: Ակցիայի իմաստը կայանում էր նրանում, որ միացման ծառայությունը, ինչի համար նախկինում գանձվում էր 4800 դրամ, կատարվում է անվճար»,- հաղորդել են ընկերության մամլո ծառայությունից: Ինչպես գտնում են «ԱրմենՏելում», որևէ փոխհատուցման մասին խոսք գնալ չի կարող, քանի որ սպառողը ինքնակամ է կնքում գործարքի պայմանագիրը և կարող է հրաժարվել այն կնքելուց, եթե կարծում է, որ գովազդը մոլորեցրել է իրեն: Հանձնաժողովը պետք է, որ տեղյակ լինի, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 17 հոդվածի փոխհատուցման ենթակա են այն ծախսերը, որը անձը իրականացրել կամ պետք է իրականացնի խախտված իրավունքը վերականգնելու, գույքի վնասի կամ կորստի, ինչպես նաև կորցրած շահույթի համար: Ի՞նչ փոխհատուցման մասին է խոսքը, մեզ համար հասկանալի չէ»,- հայտնել են ընկերությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ սեպտեմբերի 22-ի հերթական նիստում ՏՄՊՊՀ-ն որոշեց անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոց կիրառել «ԱրմենՏել» ՓԲԸ նկատմամբ: ՏՄՊՊՀ կարծիքով, ընկերությունը մոլորեցնում է բաժանորդներին լայնաշերտ Ինտերնետին անվճար միանալու ակցիայով: Սպառողները որոշակի դժվարությունների են հանդիպում, իսկ երբ զանգահարում են «ԱրմենՏելի» «100» հեռախոսահամարին, ապա նրանց ուղղորդում են օգտվել համակարգչային միացումներ իրականացնող վճարովի ծառայությունից, որն արժե 3000 դրամ», որն «ԱրմենՏելի» հետ պայմանագրի համաձայն իրականացրել է մոդեմների մատակարարումը: Այդ միջոցին, ինչպես հայտնում է «ԱրմենՏել» ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, հանձնաժողովի փորձագետները չեն տեսնում «ծառայության ակտիվացում» և «համակարգչային միացումներ» հասկացությունների միջև տարբերությունը, ուստի ընկերությունը մտադիր է վիճարկել հանձնաժողովի որոշումը վարչական դատարանում: