25 սեպտեմբերի 2010 - 11:48 AMT
Շախմատի օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կխաղա առաջատարի հետ

Սեպտեմբերի 25-ին Խանտի Մանսիյսկում տեղի կունենա Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրը: Այս տուրում ՀՀ տղամարդկանց հավաքականը կխաղա Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ, որը չի կրել ոչ մի պարտություն և 8 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Հայաստանի հավաքականը ևս միայն հաղթանակներ է գրանցել իր հաշվին, սակայն լրացուցիչ արդյունքներով Օլիմպիադայում զբաղեցնում է 7-րդ տեղը:

Կկայանան հետևյալ պարտիաները՝ Լևոն Արոնյան-Յան Նեպոմնյաշի, Վլադիմիր Հակոբյան-Եվգենի Ալեքսեև, Գաբրիել Սարգսյան-Նիկիտա Վիտիուգով և Արման Փաշիկյան-Արտյոմ Տիմոֆեև:

ՀՀ կանանց հավաքականն այս տուրում կհանդիպի Հունաստանի հավաքականի հետ: Էլինա Դանիելյանը կխաղա Էլենա Դեմբոյի, Լիլիթ Մկրտչյանը՝ Աննա Մարիա Բոցարի, Լիլիթ Գալոյնը՝ Մարինա Մարկուպուլոյի, իսկ Նելլի Աղինյանը՝ Վերա Պապադոպուլոյի հետ:

Հայ շախմատիստուհիները 6 միավորով 12-րդ տեղում են: