25 սեպտեմբերի 2010 - 13:14 AMT
«Super Six» երրորդ շրջանի բոլոր մենամարտերը կկայանան նոյեմբերի 27-ին, այդ օրը կհանդիպեն նաև Աբրահամն ու Ֆրոչը

Showtime ամերիկյան հեռուստաալիքի կողմից կազմակերպված «Super Six World Boxing Classic» առաջնության խմբային փուլի երրորդ շրջանի բոլոր մենամարտերը կկայանան նոյեմբերի 27-ին, հաղորդում է Showtime փոխնախագահ Քենա Հերշմանան boxingscene.com-ին:

Այդ օրը Հելսինկիում կհանդիպեն Արթուր Աբրահամը (Գերմանիա) և Կառլ Ֆրոչը (Անգլիա): Մեկ այլ մենամարտում ռինգ դուրս կգան ԱՄՆ օլիմպիական թիմակիցներ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդն ու Անդրե Դիրրելը, ովքեր բացի Ուորդին պատկանող տիտղոսից կխաղարկեն նաև WBC վարկածով չեմպիոնի գոտին, հաղորդում է box-club.ru-ն:

Ուորդն արդեն ապահովել է իր ելքը հաջորդ շրջան, այնուամենայնիվ, առաջիկա մենամարտը կարևոր է իր համար նրանով, որ ինքը պետք է պաշտպանի չեմպիոնի տիտղոսն ու պրոֆեսիոնալ ռեկորդը, որում դեռևս ոչ մի պարտություն չկա: Դիրրելն իր հերթին, որպեսզի պահպանի հաջորդ շրջան դուրս գալու շանսերը, պետք է պարզապես հաղթի: Բայց անգամ այդ դեպքում նրա հետագա մասնակցությունն առաջնությանը կախված կլինի առաջնության մեջ մրցակիցների մենամարտերի արդյունքներից:

Առաջնության հինգերորդ մասնակից, ամերիկացի Ալլան Գրինի ճակատագիրը կորոշվի ավելի ուշ: Հիշեցնենք, որ խմբային փուլի երրորդ շրջանում Գրինը պետք է հանդիպեր դանիացի Միկկել Կեսլերի հետ, սակայն վերջինս երկրպագուների և առաջնության կազմակերպիչների համար անսպասելիորեն հրաժարվեց առաջնությանն իր հետագա մասնակցությունից տեսողության հետ առաջացած լուրջ խնդիրների պատճառով: