Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն օգտագործում է նավթային եկամուտների դոլարները` ռազմական ավանտյուրաները ֆինանսավորելու համար

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն օգտագործում է նավթային եկամուտների դոլարները` ռազմական ավանտյուրաները ֆինանսավորելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից չդադարող ռազմատենչ հռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները և Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճը միայն սրում են իրավիճակը` մեծացնելով տարածաշրջանում արդեն իսկ փխրուն կայունության շուրջ մտահոգությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` սեպտեմբերի 25-ին ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

«Երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Նրանք պայքարել են ազատության իրենց իրավունքի համար` դիմակայելով Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմին: 70 տարի շարունակ նրանց հալածում էին, ձգտում բնաջնջել իրենց իսկ պատմական հայրենիքից: Այդ նպատակով Ադրբեջանն անգամ դիմել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությանը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր պայքարելու հանուն իր ինքնորոշման իրավունքի իրացման, քանի որ մերժում էին անգամ իր գոյություն ունենալու իրավունքը:

Ադրբեջանի կողմից չդադարող ռազմատենչ հռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները և Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճը միայն սրում են իրավիճակը` մեծացնելով տարածաշրջանում արդեն իսկ փխրուն կայունության շուրջ մտահոգությունները: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները: Նման դիրքորոշմամբ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը:

Նավթային եկամուտներից ստացվող գումարները ուղղվում են ռազմական նոր ավանատյուրաների ֆինանսավորմանը: Մենք բոլորս էլ գիտենք նման արկածախնդրության հետևանքները:

Ադրբեջանը պետք է զերծ մնա կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից ու շրջանակներից այլ ձևաչափեր տեղափոխելու շարունակական փորձերից և սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից ու գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը կարողանա առաջ ընթանալ առավել կառուցողական և արդյունավետ ուղիով:

Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջևանում հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը այդ ոճրագործության ակներև արտահայտությունն է: Միջնադարյան հազարավոր նմանատիպ հսկա քանդակներ են հողին հավասարեցվել Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, և այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---