Հայաստանի Հանրապետության անկախության օրը տոնելու առթիվ սեպտեմբերի 27-ին Խարկով կժամանի Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Այցի շրջանակներում դեսպանը կհանդիպի Խարկովի մարզի ղեկավար Միխայիլ Դոբկինի հետ, ինչպես նաև կմասնակցի ՀՀ անկախության 19-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիսություններին կմասնակցեն պատվավոր հյուրեր, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանը և Սամվել Սարգսյանը:
«Խարկովում Հայաստանի անկախության օրվա տոնակատարությունը կդառնա ավանդական: Այն կնպաստի երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը, երկու մշակույթների փոխհագեցմանը, ինչպես նաև Ուկրաինայի հայազգի քաղաքացիների միախմբմանը»,- ասել է Խարկովի և Սումսկի մարզերում ՀՀ պատվո հյուպատոս Արմեն Ասլանյանը:
Միջոցառումների կազմակերպիչը Խարկովի և Սումսկի մարզերում ՀՀ պատվո հյուպատոսարանն է, հաղորդում է Խարկովի և Սումսկի մարզերում ՀՀ պատվո հյուպատոսարանի մամլո ծառայությունը: