27 սեպտեմբերի 2010 - 12:58 AMT
Առևտրային շաբաթվա ամփոփումը NASDAQ OMX Armenia-ի հարթակում

FOREX արժույթի միջազգային շուկայում կատարվող իրադարձությունները չէին կարող չանդրադառնալ Հայաստանի արժութային շուկայի վրա: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ին տրամադրված FOREX CLUB-ի վերլուծական տեսության մեջ: Այդպիսով, անցած շաբաթ եվրոյի վաճառքի միջին կշռված փոխարժեքն աճել է 2,85 տոկոսով՝ հասնելով 493,50 դրամի:

ԱՄՆ դոլարի միջին կշռված արժեքը NASDAQ OMX Armenia բորսայում նախորդ շաբաթվա ընթացքում նվազել է 0,45 տոկոսով՝ հասնելով 361,97 դրամի: Սակարկությունների ծավալը մեկ շաբաթում կազմել է 10,95 մլն դոլար, ինչը 3,52 տոկոսով քիչ է, քան նախորդ շաբաթ: Արտարժույթի առաջարկի և պահանջարկի հավասարությունը պահպանվել է արտարժույթի ներհոսքի շնորհիվ, ինչը կապված է արտահանման ծավալների և արտասահմանից դրամական փոխանցումների ավելացման հետ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում չի փոխվել և սեպտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 365,10 դրամ:

Ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը աճել է 0,59 տոկոսով՝ հասնելով 11,93 դրամի մեկ ռուբլու դիմաց: Դա կապված է ԱՄՆ դոլարի հանդեպ ռուսական ռուբլու արժեքի աճի հետ՝ նավթի գների աճի ֆոնի վրա:

Անցած շաբաթ, NASDAQ OMX Armenia բորսայում գործարքներ են գրանցվել միայն ամերիկյան արտարժույթով: