28 սեպտեմբերի 2010 - 16:40 AMT
Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենն ընտրվել է Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի նախագահ

2010թ. սեպտեմբերի 10-ին Մինսկում կայացած Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի Տնօրեն Վահան Ստեփանյանը ընտրվել է Ասոցիացիայի nախագահ: Այս պաշտոնում Վահան Ստեփանյանը կղեկավարի Ասոցիացիայի աշխատանքները, կկոորդինացնի նրա մասնակիցների համատեղ գործողությունները, ինչպես նաև Ասոցիացիայի կազմում գործող աշխատանքային խմբերի գործունեությունը:

Ինչպես հաղորդում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա», այդ պաշտոնում նա կիրականացնի նաև ներկայացուցչական գործառույթներ` ընդլայնելով և կառավարելով Ասոցիացիայի կապերը միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ:

Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիան 2004թ. Դեկտեմբերի 12-ին հիմնադրված ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների միություն է, որին ներկայումս անդամակցում են 11 պետությունների դեպոզիտար հաստատություններ: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են դեպոզիտար գործունեության զարգացումն ու կատարելագործումը, միասնական դեպոզիտար դաշտի ստեղծումը, ինչպես նաև արժեթղթերով հաշվարկների միջազգային համակարգին Ասոցիացիայի անդամների ինտեգրման ապահովումը:

Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի հաջորդ տարեկան ժողովը, ինչպես նաև Ասոցիացիայի VIII Միջազգային կոնֆերանսը նախատեսվում է անցկացնել 2011թ.-ի սեպտեմբերին Երևանում: