29 սեպտեմբերի 2010 - 11:16 AMT
Սոլնեչնոգորսկում նշել են Հայաստանի օրը

Սեպտեմբերի 28-ին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Սոլնեչնոգորսկի «Արևասար» ընկերության համատեղ կազմակերպմամբ Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկ քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Հայաստանի օր» միջոցառումը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, միջոցառմանը ներկա էին Ռուսաստանում ՀՀ դեսպանը, Սոլնեչնոգորսկ քաղաքի և շրջանի ղեկավարությունը, Մոսկվայի մարզի տարբեր քաղաքների հայ համայնքերի նախագահները, հասարակական և մշակութային գործիչներ: ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը իր խոսքում նշեց, որ 19 տարի առաջ հանրաքվեի արդյունքում անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, Հայաստանը վերադարձավ միջազգային քաղաքական բեմ: Անկախ պետություններ Հայաստանն ու Ռուսաստանը բարեկամության և ռազմավարական գործընկերության հիման վրա համագործակցում են քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:

Բազմազգ Ռուսաստանում դարերի ընթացքում և հատկապես այսօր ազատ ապրում և արարում է բազմաքանակ հայ համայնքը՝ հնարավորություն ունենալով պահպանել իր ինքնությունը: ՀՀ դեսպանը տեղի հայ համայնքին հաջողություններ մաղթեց՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նրա ծրագրերին:

Սոլնեչնոգորսկի շրջանում պաշտոնական տվյալներով ապրում են ավելի քան հինգ հազար հայեր, 2006 թվականից գործում է «Արևասար» ընկերությունը, ընթացքի մեջ են կիրակնօրյա հայկական դպրոցի ստեղծման աշխատանքները: