29 սեպտեմբերի 2010 - 18:28 AMT
ԱՄՀ. Հայաստանի տնտեսությունը դանդաղ, բայց վերականգնվում է

Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա 14 տոկոսանոց կտրուկ անկումից հետո այժմ դանդաղ տեմպերով վերականգնվում է, լրագրողներին է ասել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Նա նշել է, որ չնայած որ առևտրի և փոխանցումների ծավալների վերականգնումը նոր շունչ է հաղորդում արդյունաբերության և ծառայությունների ոլորտներին, գյուղատնտեսության ոլորտի վրա ծանր ազդեցություն են թողել անբարենպաստ բնակլիմայական պայմանները: «Հետևապես, ակնկալվում է, որ տնտեսական ակտիվության ընդհանուր մակարդակը 2010 թվականին կաճի մոտ 4 տոկոսով, իսկ 2011-ին` 4.5 տոկոսով: Ակտիվության վերականգնման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ սկսվել է վարկային միջոցների հոսքը դեպի մասնավոր հատված»,-ասել է Տոլոսան:

Գյուղատնտեսության արդյունքի կրճատումը` ներմուծվող ցորենի գների կտրուկ աճի հետ մեկտեղ, հանգեցրել են պարենային ապրանքների գների աճին: Պարենային ապրանքների, որոնց կշիռը պայմանավորում է սպառողական գների համաթվի մոտ կեսը, գների աճ է արձանագրվել` տարեկան գնաճը օգոստոսին հասցնելով 9.6 տոկոսի: «Ապագայում ակնկալվում է, որ գնաճի ցուցանիշը կմեղմվի` նախքան տարեվերջ նվազելով մինչև մոտ 7 տոկոս»,-հավելել է նա: