30 սեպտեմբերի 2010 - 10:52 AMT
«Տրոյկա Դիալոգը» նախատեսում է պատշաճ շահույթ ստանալ

«Տրոյկա դիալոգը» նախատեսում է պատշաճ եկամուտ ստանալ մինչև բոնուսների վճարումը, որոնք ավելի շատ կլինեն, քան անցյալ տարի: Այդ մասին «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում ասել է անվանի ռուս ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը: Միաժամանակ նա նշել է, որ այս տարի ամենաշահութաբեր ուղղությունը գլոբալ շուկաների կառավարումն է եղել:

Անդրադառնալով առաջիկա տարիներին «Տրոյկա դիալոգի» պլաններին` Վարդանյանը նշել է, որ առաջիկա երեք տարում ընկերությունը նախատեսում է եկամուտն ավելացնել մինչև 500 մլն դոլար, ակտիվների ծավալը մինչև 10 մլրդ դոլար, իսկ ROE-ն` մինչև 15 տոկոս բիզնեսի 15-18 տոկոս աճի հաշվին: Անձնակազմի քանակն էապես չի փոխվի և կաճի 5-10 տոկոսով: Կշարունակվի համագործակցությունը Standard Bank-ի և ICBC-ի հետ Չինաստան-Աֆրիկա-Ռուսաստան ձևաչափով և այլ զարգացող շուկաներում:

Ինչ վերաբերվում է «Տրոյկայից» հեռանալուն, ապա, նրա կարծիքով, նորմալ կորպորատիվ մշակույթը ենթադրում է, որ ցանկացած խոշոր ընկերության հաճախորդներին պետք է նախազգուշացնել այն մասին, որ գլխավոր տնօրենը հեռանում է: «Այն մասին, որ ես նախատեսում եմ հեռանալ 2012-ին, ես ասել եմ դեռ 2007-ին: 2013-ին ես կցանկանայի հնարավորություն ունենալ զբաղվելու այլ գործերով»,- ասել է Վարդանյանը:

Ինչպես նշել է ձեռնարկատերը, հեռանալուց հետո նա կցանկանար զբաղվել բարեգործության արդյունաբերության կառուցմամբ` տարբեր նախագծերի համար միջոցների կուտակման համակարգի ստեղծմամբ: