30 սեպտեմբերի 2010 - 11:11 AMT
Գաբրիել Սարգսյան. Յուրաքանչյուր տուրում մենք փորձում ենք անել առավելագույնը, սակայն դեռ ամեն ինչ չէ, որ ստացվում է

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Հայաստանի շախմատի հավաքականը սեպտեմբերի 29-ին ծանր պայքարում կարողացավ 2,5:1,5 հաշվով հաղթել Լեհաստանի հավաքականին: Միակ հաղթանակը տարավ Գաբրիել Սարգսյանը:

Օլիմպիադայի պաշտոնական կայքէջին տված հարցազրույցում Սարգսյանը խոստովանել է, որ պարտիան Բարտոլոմեյ Մաչեյի հետ շատ ծանր էր ու երկար: «Պարտիայի սկիզբը ինձ համար անհաջող դասավորվեց, սակայն հետո Մաչեյը սխալ թույլ տվեց և իմ խաղը առաջ գնաց: Իսկ վերջում իր դերն ունեցավ նայ ցայտնոտը»,-ասել է հայ շախմատիստը:

Սարգսյանը գտնում է, որ Հայաստան-Լեհաստան հանդիպման վերջնական արդյունքը օրինաչափ չէր, քանի որ Հայաստանի հավաքականը ոչ մի պարտիայում առավելություն չուներ: Միակ անորոշը իր պարտիան էր, թեև նույնիսկ այդ դեպքում իր հակառակորդն առավել լավ շանսեր ուներ:

Իսկ թիմում տիրող մթնոլորտի մասին, գրոսմայստերն ասաց.«Մենք բախումներ չենք ունենում, մենք երբեք չենք հաշվում, թե ով որքան պարտիա է խաղացել սևերով կամ սպիտակներով: Մենք շատ տարիներ է միասին ենք խաղում և լավ գիտենք միմյանց, ինչը ևս շատ կարևոր է: Յուրաքանչյուր տուրում մենք փորձում ենք անել ամեն հնարավորը, սակայն դեռ ամեն ինչ չէ, որ ստացվում է: Հուսով եմ, որ վերջում ավելի ուժեղ կխաղանք: Եթե հաջողվի, կարող ենք նույնիսկ հաղթել մրցաշարում»: