30 սեպտեմբերի 2010 - 13:23 AMT
«Հայաստան» հիմնադրամի «Ջուրը կյանք է» կարգախոսով հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում

«Հայաստան» hամահայկական հիմնադրամի թվով տասներեքերորդ հեռուստամարաթոնը «Ջուրը կյանք է» կարգախոսով կկայանա նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ): Ինչպես սեպտեմբերի 30-ին լրագրողներին է հաղորդել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հեռուստամարաթոնն 12-ժամ անընդմեջ ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀՀ, «Շանթ», «Արմենիա» հեռուստաալիքների կողմից: Կազմակերպիչները բարեգործների թվի 20-30% աճ են ակնկալում: Միջոցները կուղղվեն Արցախում ջրամատակարարման խնդիրների լուծմանը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, լինելով ջրային ռեսուրսներով հարուստ, ջրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցներն առաջին հերթին կուղղվեն ջրամատակարարման բարելավմանը Մարտունիում, Հադրութում, Ասկերանում և Բերձորում»,- ասել է Արա Վարդանյանը:

Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունն է, որը 136 մլն դրամ կհատկացնի կազմակերպման համար: Ինչպես լրագրողներին է հաղորդել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ընկերությունը հինգերորդ տարին անընդմեջ մասնակցում է հեռուստամարաթոնին, իսկ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան $2.1 մլն:

Նա նշել է նաև, որ 2010 թվականի սեպտեմբերի 30-ից դեկտեմբերի 31-ը դրամահավաքին մասնակցել ցանկացող բոլոր անձինք կարող են sms ուղարկել 8000 կարճ համարին: Հաղորդագրության արժեքը կազմում է 500 դրամ: Կարելի է նաև ցանկացած գումար նվիրաբերել «Հայփոստ»-ի փոստային գրասենյակներում: