30 սեպտեմբերի 2010 - 19:35 AMT
Սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Արցախի խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ

Սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Արցախի խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի առաջին կանգառը Նյու-Յորքն էր, որտեղ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին և խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանին միացավ նաև ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում ծրագրված այցելությունը սկսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ հանդիպմամբ: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին վերջին շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ, միջնորդների կողմից նախատեսվող գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործման մասին:

Այնուհետև, ԼՂՀ պատվիրակությունն այցելեց Միացյալ Նահանգների Կոնգրես, որտեղ հյուրընկալվեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի կողմից: Կոմիտեի նախագահ Բերմանը գոհունակություն հայտնեց ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ իր առաջին հանդիպման առթիվ և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս ուշադրության կենտրոնում պահել Արցախին վերաբերվող խնդիրները` նպատակ ունենալով շարունակել ԱՄՆ կողմից Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված քաղաքականությունը:

Նույն օրը երեկոյան Կապիտոլիումի բարձունքում` ԱՄՆ Կոնգրեսի սրահներից մեկում, տեղի ունեցավ ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Տոնական երեկոն կազմակերպված էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոունի և Մարկ Կըրքի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան, ԼՂՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների հովանավորությամբ: Միջոցառմանը ելույթ ունեցան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Ղուլյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թ. Մարգարյանը և ԱՄՆ կոնգրեսականներ: Միջոցառմանը ներկա էին տեղի հայ համայնքի, տարբեր լրատվամիջոցների և հանրային շրջանակների ներկայացուցիչներ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը: