3 հոկտեմբերի 2010 - 15:22 AMT
Ամերիկացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Եվրոպա ենթադրվող ահաբեկչությունների պատճառով

ԱՄՆ կառավարությունը ծրագրում է ամերիկյան քաղաքացիներին նախազգուշնել Եվրոպա մեկնելուց ձեռնպահ մնալու համար, քանի որ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Ալ-Կայիդան ծրագրում է ահաբեկչություններ իրականացնել եվրոպական երկրներում: ԱՄՆ ու եվրոպական երկրների ներկայացուցիչների հաղորդմամբ, արդեն կիրակի օրը Պետքարտուղարությունը կարող է հրապարակել այդ հաշվով նախազգուշացումը: Associated Press գործակալությունը հաղորդում է, որ պաշտոնական տեղեկատվության մեջ կոնկրետ երկրներ չեն նշվելու:

Այդ լուրը ստացվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ արևմտաեվրոպական երկրների հատուկ ծառայությունները հաղորդեցին այն մասին, որ իրենք մի դավադրություն են բացահայտել, որի մասնակիցները ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել մի քանի եվրոպական քաղաքներում: Հատուկ ծառայությունների հաղորդմամբ, իրենք տեղեկատվություն են տնօրինում այն մասին, որ այդ ահաբեկչությունները ծրագրված էին ահաբեկիչների խմբերի կողմից, որոնք գործում են Պակիստանի մերձակայքում և չեն հսկվում այդ երկրի կառավարության կողմից:

Շաբաթ օրը Ինտերնետում հրապարակվեց այս օրերի ընթացքում երկրորդ ձայնագրությունը, որում խոսացողի ձայնը, ինչպես գտնում են, Ուսամա բին Լադենին է պատկանում: Այդ ձայնագրության մեջ բին Լադենը մուսուլմաններին կոչ է անում լրացուցիչ օգնություն ցուցաբերել Պակիստանում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղների զոհերին: