4 հոկտեմբերի 2010 - 14:41 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն Երևանում քննարկել են վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրներ

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն Երևանում հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:

Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ կատարվեց նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես` կրթության եւ հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի: Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ: Կարեւորվեց կուտակած դրական փորձի շարունակականության ապահովումը:

Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ նաեւ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջեւ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: