4 հոկտեմբերի 2010 - 15:26 AMT
Հայաստանում հայտարարվել է «Աշխատանքի հմտություններ» բիզնես-առաջադրանք մրցույթը երիտասարդների համար

Մեկնարկել է «Աշխատանքի հմտություններ» գործարար գաղափարների բիզնես-առաջադրանք երրորդ ամենամյա մրցույթը ՀՀ 15-18 տարեկան միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների համար: Մրցույթն անց է կացնում Բրիտանական խորհուրդը ՀՀ կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ՝ «ԱրմենՏել» ընկերության բացառիկ հովանավորությամբ: Ինչպես լրագրողներին է հայտնել Հայաստանում Բրիտանական խորհրդի ներկայացուցչության տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, մրցույթը մեկնարկում է «Ինչպես հաջողության հասնել ինտերնետի միջոցով» շարադրությամբ, որն հարկավոր է ներկայացնել հոկտեմբերի 29-ից ոչ ուշ:

Ըստ հեղինակի, 50 լավագույն շարադրությունների հեղինակները կհրավիրվեն մասնակցելու «Աշխատանքի հմտություններ» բիզնես-առաջադրանք մրցույթի ազգային ճամբարին, որը տեղի կունենա նոյեմբերին Ծաղկաձորում: Ազգային մրցույթի հաղթողները հատուկ մրցանակներ և ընկերությունում պրակտիկա անցնելու հնարավորություն կստանան «ԱրմենՏելից»: Ըստ ՀՀ կրթության ու գիտության նախարարի մասնագիտական կրթության բաժնի պետ Կարեն Վարդանյանի, նպատակը երիտասարդների շրջանում ձեռներեցության զարգացումն է:

«Սա սոցիալական պատասխանատվության հենց այն ձևաչափն է, որը մենք կարևորում ենք»,-ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նա նշել է նաև, որ երկխոսության հաստատումը բիզնեսի և կրթության միջև թույլ կտա երիտասարդներին առավել մրցունակ լինել: