4 հոկտեմբերի 2010 - 17:14 AMT
Ասել, թե ՌԴ-ն ցանկանում է փչացնել հայ-վրացական հարաբերությունները, մեղմ ասած, սխալ կլինի, գտնում է հայ փորձագետը

Հայաստանն այժմ այն հարթակն է, որտեղ հանդիպում են ռուս և վրաց փորձագետները, և ասել, թե ՌԴ-ն ցանկանում է փչացնել հայ-վրացական հարաբերությունները, մեղմ ասած, սխալ կլինի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա, Հայաստանը հանդես է գալիս որպես պոտենցիալ միջնորդ ՌԴ-ի ու Վրաստանի միջև:

«Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը, հավանաբար, ելնում է նրանից, որ ռուսական ռազմակայանը ՀՀ-ում, ըստ «վրացական տրամաբանության» սպառնալիք է Վրաստանի համար, ինչպես հայտարարում էր Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Ճիշտ է, նա արդեն ասել է, որ նման բան չի ասել: Ռազմակայանը անվտանգություն և կայունություն է ապահովում տարածաշրջանում: Ճիշտ է նաև այն, որ այսօր Վրաստանը Հայաստանի համար պատուհաններից մեկն է, հատկապես տրանսպորտային ոլորտում: Այնպես է ստացվել, որ Ռուսաստանը ևս դա հիանալի հասկանում է: Ինչ վերաբերում է «Վերին Լարսում» առաջացած տեխնիկական խնդիրներին, ապա վրացական կողմը նույնպես լավ հասկանում է, որ դա միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանին Ռուսաստանի հետ: Ուստի Վրաստանի ԱԳՆ հայտարարությունն անհիմն է՝ Մոսկվային բոլորովին հարկավոր չէ փչացնել հայ-վրացական հարաբերությունները»,-ասել է Մարկարովը:

Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Քալանդաձեն այսօր հայտարարել է, թե ՌԴ-ն փորձում է «սեպ խրել» հայ-վրացական հարաբերությունների մեջ: