ԵՀՄՖ նախագահությունը շնորհակալության խոսք է ուղղել «EuroNews»-ի տնօրինությանը

ԵՀՄՖ նախագահությունը շնորհակալության խոսք է ուղղել «EuroNews»-ի տնօրինությանը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը շնորհակալության խոսք է ուղղել «EuroNews»-ի տնօրինությանը` բարձր գնահատելով Անիի հայկական եկեղեցու պատերի ներքո թուրք ազգայնամոլների կողմից կազմակերպված նամազի կատարման ակտի շուրջ «EuroNews»-ի կատարած ճշմարտացի տեղեկատվությունը: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ ԱշոտԳրիգորյանի, «EuroNews»-ը ոչ միայն նշեց, որ սահմանի ապաշրջափակումը վերացնելու փոխարեն թուրքերը նոր սադրանքներ են կազմակերպում, այլև շատ թափանցիկ ակնարկ հղեց Թուրքիային` ցուցադրելով քարտեզի վրա Հայաստանի գույներով ներկված Արարատի շրջակա տարածքը` ներառելով ողջ Սուրմալուի գավառը:

Ըստ ԵՀՄՖ-ի, սա Եվրոպայի Տնտեսական ֆորումում սլովակ հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի ելույթի առաջին արձագանքն էր «EuroNews»-ի կողմից: Խոսքն Արարատ լեռն իր շրջակայքով Հայաստանին վերադարձնելու պահանջի մասին է, որը շրջանառության մեջ դրվեց Եվրոպայի այսպիսի բարձրակարգ ֆորումում և այն ունեցավ տարբեր արձագանքներ եվրոպական ԶԼՄ-ների կողմից: Ըստ ԵՀՄՖ-ի, որքան Թուրքիան կզարգացնի իր ազգայնամոլական քաղաքականությունն, այնքան ԵՄ-ի կողմից ռեակցիան կլինի ուժգին: Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար ԵՀՄՖ-ի նախագահը Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տալիս ուսումնասիրել վերջին տասնամյակում ԵՄ-ին անդամակցված երկրներում ազգայնամոլական կուսակցությունների նկատմամբ ԵՄ-ի կողմից վարված քաղաքականությունը: ԵՄ-ին անդամակցված երկրները մինչև հիմնովին չեն վերացրել ծայրահեղական, ազգայնամոլական հենքի վրա գործող կուսակցություններին, չեն անդամակցվել ԵՄ-ին:

Ի պատասխան թուրք ազգայնամոլների հայտարարում ենք, որ Եվրոպայի հայկական լոբինգն ավելի է մեծացնելու բոլշևիկների կողմից առանց որևէ հիմքի ու բացատրության Արևելյան Հայաստանի հարավային գավառները Թուրքիային տալու փաստի դեմ պայքարը` պահանջելով հետ վերադարձնել հայկական երեքհազարամյա հողերն իր իսկական տիրոջը:

Ըստ Աշոտ Գրիգորյանի, հասունացել է այն պահը, որ Թուրքիայի առջև պետք է դրվեն իրավաբանորեն հիմնավորված տարածքային պահանջներն ամբողջ խստությամբ` համոզված, որ այն լիովին սատարվելու է եվրոպական հանրության կողմից, և այս խնդրին խիստ օգնելու է թուրքական իշխանությունների կողմից վարվող մերժողական քաղաքականությունը, հաղորդում է ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---