5 հոկտեմբերի 2010 - 13:29 AMT
ԱՄՆ-ն ու Հայաստանը պետք է համաձայնագիր կնքեն առևտրի ու ներդրումների վերաբերյալ, գտնում է կոնգրեսական Էնդրյուսը

Ամերիկացի կոնգրեսական Ռոբերտ Էնդրյուսը կոչ է արել նախագահ Օբամայի վարչակազմին բանակցություններ սկսել Հայաստանի հետ Առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի վերաբերյալ (TIFA)՝ նպաստելու համար տնտեսական աճին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում, միևնույն ժամանակ ամրապնդելով ԱՄՆ կապը հայ ժողովրդի հետ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), սեպտեմբերի 7-ին կոնգրեսական Էնդրյուսը, որը Ներկայացուցիչների պալատի երկու ազդեցիկ՝ բյուջետային ու զինված ուժերի կոմիտեների ավագ անդամ է, նամակ է հղել ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ, դեսպան Ռոն Քըրքին:

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ համաձայնագիրը Հայաստանի հետ հիմնված կլինի առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի վրա և գործունեության ավելի լայն շրջանակ կունենա, քան առկա Հայ-ամերիկյան տնտեսական հարցերի գծով համատեղ աշխատանքային խումբը: «TIFA-ն առավել հիմնավոր հարթակ կներկայացնի ԱՄՆ կառավարության համար, ինչպես նաև առավել դյուրին կդարձնի հանդիպումներն ու խորհրդակցությունները Հայաստանի կառավարության հետ»,-ընդգծել է կոնգրեսականը:

«Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Էնդրյուսին TIFA-ի շուրջ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բանակցությունների արագացման հարցում»,-ասել է ANCA Նյու Ջերսիի համանախագահ Ջեյմս Սահակյանը: «Դա շատ լավ հնարավորություն է: TIFA-ն կնպաստի երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնմանը, արտահանման համար ապրանքի և աշխատատեղերի ստեղծմանն ԱՄՆ-ում ու Հայաստանում»,-հավելել է նա: