5 հոկտեմբերի 2010 - 16:44 AMT
Կանադացի փորձագետը գտնում է, որ Թուրքիան պետք է մասնակցի ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին

Ղարաբաղյան կարագավորման հարցում իրական արդյունքների հասնելու համար հարկավոր է ներգրավել անաչառ ու ազդեցիկ միջնորդների, գտնում է Foresight Canada ռազմավարական կենտրոնի գործադիր տնօրեն Դևիդ Հարիսը: «Խաղաղ բանակցություններում առաջընթացի հասնելու համար, ըստ իս, հարկավոր է անձնական շահ չունեցող և կանխակալության «բեռ» չունեցող միջնորդի առկայություն»,-ասել է Հարրիսը: Ըստ նրա, բարձր մակարդակի ցանկացած միջնորդություն ներառելու է միջնորդների տարաձայնությունները, անձնական շահերն ու միջնորդների կանխակալ վերաբերմունքը:

Հարրիսը հնարավոր դրական փոփոխություն է համարում Թուրքիայի մասնակցությունը ՄԽ համանախագահությանը: «Այսօրվա դրությամբ Թուրքիան իր ազդեցությամբ ու քաղաքական ակտիվությամբ, իր տարածքով անցնող խողովակաշարերով ու երկաթուղիներով, աշխարհագրական դիրքով և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ կարող է շատ ավելին առաջարկել քան կարող են կամ ցանկանում են առաջարկել Ֆրանսիան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն»,-ասել է Հարրիսը:

«Բանակցությունների հաջող ընթացքի համար հարկավոր է գտնել այնպիսի ոլորտներ, որոնք կարևոր են հակամարտության երկու կողմերի համար, և որոնք երկու կողմերը պատրաստակամ կլինեն քննարկելու»,-ասել է Հարրիսը: «Բաց ու ազնիվ երկխոսությունն այն միջավայրն է, որ թույլ կտա առաջ տանել խնդրի կարգավորումը»,-ասել է կանադացի փորձագետը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» տեղեկատվական պորտալը: