Ըստ 2011թ. պետբյուջեի նախագծի ՀՆԱ-ի աճը Հայաստանում կկազմի 4,6 տոկոս

PanARMENIAN.Net - 2011թ. բյուջեի ձևավորման հիմքում մակրոտնտեսական ցուցանիշներն են, որոնց համաձայն հաջորդ տարի տնտեսական աճը Հայաստանում կկազմի 4,6 տոկոս: Այդ մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, երկրի ՀՆԱ-ի անվանական ծավալը 2011թ. կկազմի 3 տրլն 763 մլրդ դրամ, ինչը զգալիորեն ավելի է 2008 թ. ցուցանիշից: «2011-ին մենք կգերազանցենք տնտեսական աճի մինչճգնաժամային շրջանը»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ 2011թ. կպահպանվեն տնտեսության դիվերսիֆիկացման միտումները, որոնք արձանագրվեցին 2010-ին, մասնավորապես, արդյունաբերության, էներգետիկայի և ծառայությունների ոլորտների աճը, ինչպես նաև աճի տեմպերի նվազումը շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում:

Անդրադառնալով ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Տիգրան Դավթյանն ասել է, որ 2010-ին տնտեսությունը ճգնաժամից հետո թևակոխեց կայունացման ու վերականգնման փուլ, և տարեվերջին 3-4 տոկոս աճ կարձանագրի «անկախ վերջին ամիսների իրավիճակից», գերազանցելով նախատեսված 1,2 տոկոս ցուցանիշը: Ըստ նախարարի, ամփոփիչ ցուցանիշը ավելի մեծ կլիներ, եթե կտրուկ անկում չգրանցվեր գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված էր բնակլիմայական պայմաններով:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա Տ.Դավթյանը հավաստիացրեց, որ վերջին ամիսներին նկատվում են նվազման միտումներ, և կառավարությունը տարվա արդյունքներով կկարողանա ապահովել այն ցուցանիշի ցածր մակարդակը, որը նախատեսված էր 2010թ. պետբյուջեով (4±1,5%):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---