6 հոկտեմբերի 2010 - 18:41 AMT
ՀՀ ԱԳ նախարար. ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունն այսօր Երևան կժամանի

ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը դեռևս Լեռնային Ղարաբաղ չի ժամանել: Առաքելության մասնակիցները Երևան կժամանեն, այնուհետև կմեկնեն Ստեփանակերտ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին, հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ նախարարի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ առաքելությունն արդեն եղել է Ադրբեջանում:

Էդվարդ Նալբանդյանն ավելացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն ու Իգոր Պոպովը նախկինում չէին այցելել հակամարտության տարածաշրջան, և այս առաքելությունը նրանց համար հարմար առիթ է տեղում իրադրությանը ծանոթանալու առումով:

Ինչ վերաբերում է փախստականների հարցին, ապա Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական կողմը պարբերաբար բարձրացրել է հայ փախստականների խնդիրը միջազգային կազմակերպություններում:

«Ես գտնում եմ, որ դաշտային առաքելությունը միջնորդների համար լավ հնարավորություն կդառնա հայ փախստականների հետ հանդիպելու համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

ԵԱՀԿ դաշտային առաքելությունը Լեռնային Ղարաբաղին կից տարածքներում տեղի կունենա հոկտեմբերի 4-ից 14-ը: