7 հոկտեմբերի 2010 - 13:20 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ակտիվացնի ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ջանքերը

Ղարաբաղը բաց է համաշխարհային հանրության առջև բոլոր տեսակի քննարկումների համար: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն երկրի օրենսդիր մարմնում հավատարմագրված տեղական և արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու բոլոր միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում դարերով ստեղծված մշակութային արժեքները լրջորեն վտանգված են:

«Գնահատման առաքելությունը լուրջ աշխատանք պետք է կատարի ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, հատկապես ադրբեջանական կողմում: ԵԱՀԿ ՄԽ Ստեփանակերտ այցերի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը համոզվեց, որ համանախագահների կողմից կա այն հասկացությունը, որ չի կարելի միակողմանի մոտենալ տարածաշրջանի իրավիճակին»,-ասել է Ղուլյանը: Նա հավելել է նաև, որ շուտով հայկական կողմը ականատեսը պետք է դառնա նույնանման առաքելության գործունեությանը հակառակ կողմում:

ԼՂՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ ամենակարևոր հարցը, որով պետք է զբաղվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումն է: «Այդ առումով, նրանք պետք է ակտիվացնեն ջանքերն հատկապես ադրբեջանական կողմում, հաշվի առնելով վերջին ամիսներին հաճախակի դարձած ոտնձգությունները, դիվերսիոն փորձերն ու միջադեպերն, ուղղված Լեռնային Ղարաբաղի դեմ»,-նշել է Աշոտ Ղուլյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: