7 հոկտեմբերի 2010 - 14:34 AMT
Հայ գերուն սպանած Բաքուն կոչ է անում ԵԽԽՎ-ին ճնշում գործադրել Երևանի վրա

Հոկտեմբերի 6-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում որոշում է ընդունվել «Ադրբեջանցի զինծառայողների դիակները վերադարձնելու անհրաժեշտության» մասին, որը կոչ է անում Հայաստանին վերադարձնել ադրբեջանական բանակի ենթասպա Մուբարիզ Իբրագիմովի և սպա Ֆարիդ Ահմեդովի մարմինները:

Հայտարարությունը պատրաստել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ «հունիսի 18-ին Հայաստանի Զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոհել են Ադրբեջանի դիրքերի վրա: Հրաձգության ժամանակ սպանվել է ադրբեջանական բանակի ենթասպա Մուբարիզ Իբրագիմովը: Հայկական կողմը հրաժարվել է հանձնել սպանվածի մարմինը: Չնայած Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին` հայկական իշխանությունները հրաժարվում են վերադարձնել Մուբարիզ Իբրագիմովի դին»,- ասվում է փաստաթղթում:

Փաստաթղթի տակ ստորագրել են 22 պատգամավորներ, որոնց մեծամասնությունը Ադրբեջանի և Թուրքիայի պատգամավորներ են, երկուսը` Ուկրաինայի և Լատվիայի, մեկական պատգամավոր` Լիտվայից և Մեծ Բրիտանիայից, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը:

Իրականաում, հունիսի 18-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղի մոտ Ադրբեջանի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողություն ԼՂՀ տարածք ներխուժելու նպատակով: ԼՂՀ ՊԲ կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսանտները ետ են մղվել: Հայկական կողմը տվել է 4 զոհ և 4 վիրավոր: Իսկ ադրբեջանցի դիվերսանտները թողել են սպանված Մուբարիզ Իբրագիմովի մարմինը և փախուստի դիմել: Ներկա պահին մարմինը մինչև հիմա գտնվում է չեզոք հողում: