7 հոկտեմբերի 2010 - 14:49 AMT
Հայ փախստականները պահանջում են ԵԱՀԿ ՄԽ-ից և միջազգային կազմակերպություններից չանտեսել իրենց խնդիրները

ԵԱՀԿ ՄԽ-ն ու միջազգային կազմակերպությունները միտումնավոր կերպով անտեսում են Ադրբեջանից հայ փախստականների խնդիրները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Մարիամ Ավագյանը: Ըստ նրա, Ադրբեջանցի փախստականների խնդիրները միշտ գտնվում են ինչպես ադրբեջանական ղեկավարության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

Իր հերթին համագումարի կազմկոմիտեի խորհրդատվական մարմնի անդամ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ առաքելությանը, որն ացնում է ԼՂՀ-ում, հիշեցրել է, որ անցյալում հայկական կողմը բազմիցս է կոչ արել ինչպես ԵԱՀԿ-ին, այնպես էլ ՄԱԿ-ին՝ առաքելություն գործուղել Նախիջևան ադրբեջանցի զինվորների կողմից ոչնչացված հայկական խաչքարների հետ կապված իրավիճակը ուսումնասիրելու համար: «Ոչ ԵԱՀԿ-ն, ոչ ՄԱԿ-ը այն ժամանակ չարձագանքեցին հայկական կողմի բազմաթիվ առաջարկներն: Ինչո՞ւ են հիմա դաշտային առաքելություն գործուղում Լեռնային Ղարաբաղ: Ինչո՞ւ են արծարծում միայն ադրբեջանցի փախստականների հարցը»,-հայտարարել է Խառատյանը:

Առաջիկայում համագումարի կազմկոմիտեն կգումարի ադրբեջանահայ փախստականների առաջին համագումարը, որտեղ հստակ կառաջադրվեն կոնկրետ պահանջներ ու կներկայացվեն հայ փախստականների առաջիկա քայլերը: