7 հոկտեմբերի 2010 - 15:40 AMT
Ֆրանսիան կարևորում է Հայաստանի դերը Կովկասում կայունության ապահովման գործում

Ֆրանսիան մեծապես կարևորում է Հայաստանի դերը Կովկասում կայունության ապահովման գործում, ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Քուշների ուղերձում, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովն ընթերցեց Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի շրջանակներում: «Ֆրանսիան մեծ ցանկություն ունի, որ երկխոսությունը Հայաստանի ու Թուրքիայի միջև հստակ լինի, իսկ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Մադրիդյան սկզբունքների համաձայն: Այս երկխոսությունը չափազանց կարևոր է Կովկասում խաղաղության ու անվտանգության ապահովման համար»,-ասել է նա:

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի, երկու երկրներին միավորում են ընդհանուր արժեքները, որոնք թույլ տվեցին Հայաստանին անդամակցել Եվրոպայի Խորհրդին և ապահովել անվտանգությունը Կոսովոյում: «Այդ հատուկ կապը մեր երկրների միջև հաստատվել է նաև շնորհիվ Ֆրանսիայի հայ համայնքի: Հատկապես կարևորվում է համագործակցությունը երկու երկրների միջև տարածաշրջանների մակարդակով, և այն պետք է ֆինանսական աջակցություն ստանա»,-ասվում է ուղերձում: