8 հոկտեմբերի 2010 - 14:10 AMT
Հայաստանի կառավարությունը որոշել է ավելի շատ աշխատել և ավելի քիչ ծախսել

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել հակացիկլային քաղաքականության իրագործմանը, երբ պետք է շատ աշխատել և քիչ ծախսել, դրանով էլ պայմանավորված է կառավարության որոշումը բարձրացնել ամենամսյա նվազագույն աշխատավարձի չափը 2500 դրամով: Այդ մասին Երևանում հոկտեմբերի 8-ին լրագրողներին մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը տոկոսային արտահայտմամբ, անկասկած, ցածր է գնաճի ցուցանիշից: Այնումենայնիվ, աշխատավարձերի բարձրացումը, որը նախատեսված է 2011-ի պետբյուջեի նախագծով մշակույթի ոլորտում 15 տոկոսով, նպաստները` 18 տոկոսով, կենսաթոշակները` 10 տոկոսով, թույլ կտա մեղմացնել գնաճի ճնշումը:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 7-ի նիստում հաստատել է ՀՀ օրենսդրությունում «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հայաստանում նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամից կդառնա 32.5 հազար դրամ: