8 հոկտեմբերի 2010 - 14:11 AMT
Ֆրանսիայում մահմեդական կանանց արգելել են գլխաշոր կրել

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել մի օրինագծի, որով արգելվում է դեմքը ծածկել հասարակական վայրում, հաղորդում է AFP-ն: Այդպիսով, Ֆրանսիայում արգելք է դրվել ավանդական մահմեդական գլխաշորեր՝ փարաջաներ, չադրաներ, նիկաբներ կրելու վրա: Օրենքն ուժի մեջ է մտնում 2011թ.: Այն չի գործի կրոնական վայրերում, հակառակ դեպքում, օրենքը կխախտեր կրոնի ազատության մասին դրույթը:

Արգելքի նախաձեռնողներից մեկը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին է:

Փարաջա կրելու համար սահմանվել է 150 եվրո տուգանք, որը կարող է փոխարինվել քաղաքացիական ազատության մասին դասախոսությունների շարքով: Իսկ եթե պարզվի, որ տղամարդն է ստիպում կնոջը ծածկել դեմքը, նա կմուծի 30 հազար եվրո կամ մեկ տարով կազատազրկվի, գրում է Լենտա.ռու-ն: