8 հոկտեմբերի 2010 - 18:05 AMT
Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության պոլիսները վաճառքի կհանվեն հոկտեմբերի 18-ին

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 8-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, գրանցեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի կողմից ընդունված ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը սահմանող կանոնները:

Ավտոմեքենաների ապահովագրման հայկական բյուրոն հրապարակել է Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում կիրառվող ապահովագրական սակագները:

Ինչպես նշվում է բյուրոյի պաշտոնական կայքում, նվազագույն բազային ապահովագրավճարի չափը ստացվում է կատարված հաշվարկներով ստացված նվազագույն հիմնական ապահովագրավճարի նկատմամբ կիրառելով նվազագույն ռիսկային գործակիցները, որի արդյունքում այն կազմում է 21.841 ՀՀ դրամ:

Առավելագույն բազային ապահովագրավճարի չափը ստացվում է կատարված հաշվարկներով ստացված առավելագույն հիմնական ապահովագրավճարի նկատմամբ կիրառելով ռիսկային գործակիցների հնարավոր առավելագույն համակցությունը, որի արդյունքում այն կազմում է 133.206 ՀՀ դրամ: