8 հոկտեմբերի 2010 - 18:52 AMT
Հայաստանի կառավարությունը ջանքեր կգործադրի ֆրանսիական համայնքների հետ կապերի ամրապնդման համար

«Հայաստանի ու Ֆրանսիայի մարզերի միջև ուղղակի կապերի հաստատումը, ամրապնդումը և դրանց ինստիտուցիոնալիզացիան մեզ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցների պատվին կազմակերպված ընդունելությանը: Նրա խոսքով, առաջին հերթին Հայաստանն աշխատում է տեղայնացնել տեղական ինքնակառավարման ֆրանսիական փորձը: Եվ հետո արդեն ուղղակի կապերը համայնքների միջև հնարավորություն են տալիս այդ փորձից օգտվել, իսկ ուղղակի համագործակցությունը նպաստում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանը: «Իրականացված քննարկումները, փոխանակած մտքերը ՀՀ տարածքային կառավարման նախարարության մասնագետների ու համայնքների ղեկավարների հետ մեզ համար շատ արժեքավոր են: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լրացուցիչ ջանքեր կգործադրի, որ այդ կապերը շարունակաբար ամրապնդվեն»,- ավելացրել է վարչապետը: