9 հոկտեմբերի 2010 - 12:23 AMT
Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է շանտաժը՝ սպառնալով վերսկսել ռազմական գործողություններն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում

ԼՂՀ ազատագրված տարածքներում «ԵԱՀԿ գնահատման առաքելության» իրականացման մասին կայացված որոշման առթիվ ԼՂՀ Ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարում հայտարարել.Մենք «ԵԱՀԿ գնահատման առաքելությունն» ընկալում ենք իբրև մի միջոցառում, որը սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում և որից օգտակար բան չի ակնկալվում ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար:

Այն դեպքում, երբ պաշտոնական Բաքվից սպառնալիքներ են հնչում ԼՂՀ և նրա ժողովրդի հասցեին, և Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է շանտաժը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ սկսելու մասին, վերջին մի քանի ամիսներին ամեն օր գնդակոծվում է շփման գիծը և մարդիկ են զոհվում, չեն դադարում ադրբեջանական զինված կազմավորումների փորձերը` իրականացնել հետախուզական-դիվերսիոն գործունեություն ԼՂՀ տարածքում, երբ Բաքուն հավաստում է լոկ իր ագրեսիվ նպատակները` կտրականորեն հրաժարվելով դիպուկահարներին դուրս բերել շփման գծից, միջնորդները, փոխանակ զբաղվեն այդ հարցերի փաթեթով, կազմակերպում են մի առաքելություն, որը նման է ագրեսիվ կողմին խաղաղեցնելու փորձի:

«Մեզ` Արցախի հասարակության ներկայացուցիչներիս համար, անհասկանալի է, թե ինչու ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը և Ադրբեջանի զինված կազմավորումների ագրեսիվ պահվածքը, ինչը սպառնում է վերածվել ծավալուն ռազմական գործողությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից անուշադրության են մատնվում և չեն արժանանում նրա հասցեագրված գնահատականին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող-երկրները, որոնք ստանձնել են խաղաղ կարգավորման պատասխանատվությունը, պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի կանխվեն բռնությունն ու ցանկացած որևէ արարք, ինչը սադրում է լարվածության ուժգնացում:

Ավելին, միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՀԿ գնահատման առաքելության աշխատանքի արդյունքները պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվելու են տեղեկատվական պատերազմի ընդլայնման նպատակով, նույն կերպ, ինչպես ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն է շարունակում լկտիաբար շահարկել ԵԱՀԿ նախկին առաքելությունների աշխատանքի արդյունքները:

ԵԱՀԿ ենթադրվող գնահատման առաքելության միակողմանի բնույթը, մեր կարծիքով, չի կարող դրական լիցք հաղորդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

Որպեսզի առաքելոթյունը կարողանա ներկայացնել ամբողջական պատկերը, այն միաժամանակ պետք է անցկացվի նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված` ԼՂՀ տարածքներում:

ԳՆահատման առաքելությունը պետք է հանրության ուշադրությունը սևեռի նաև այդ տարածքներում հայկական մշակույթի պատմական կոթողների նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի վրա, որոնց նպատակն է` ոչնչացնել հայկական էթնոսին այդ հողերի պատկանելության ամեն մի պատմա-մշակութային ապացույց, այդ թվում` նշված տարածքները ադրբեջանական ազգության անձանցով բնակեցնելու միջոցով:

Մենք մեր բողոքն ենք արտահայտում` ընդդեմ միջնորդների կողմից հայ փախստականների և հարկադիր տեղափոխված անձանց իրավունքների քամահրման:

Դրանից բացի, հայրենիքից արդեն մեկ անգամ զրկված հայերը, ովքեր բռնագաղթել են Ադրբեջանից, իրենց գլխավերևում տանիք ձեռք բերել ազատագրված տարածքներում, դարձյալ պետք է հոգեբանական ճնշման ենթարկվեն` սթրեսի ձևով և չգիտես ինչու` բացատրեն այդ հողում ապրելու իրենց իրավունքը:

Մենք խորապես համոզված ենք, որ ցանկացած որոշում պետք է կայացվի համահավասարության հիմքի վրա, ելնի իրավահավասարության և արդարության սկզբունքներից, հաշվի առնի հակամարտության մեջ ներգրավված բոլոր հասարակությունների կարծիքը, իսկ որ գլխավորն է` նպաստի լարվածության և բռնության բացառմանը, կայուն խաղաղության հաստատմանը»,-ասվում է ԼՂՀ ՈԿԿ-ների խորհրդի հայտարարության մեջ: