11 հոկտեմբերի 2010 - 17:35 AMT
Հայ քաղաքական գործիչները քննարկել են Հայաստանում միջկուսակցական ժողովրդավարության խնդիրները

Երևանում կայացավ քննարկում « Միջկուսակցական ժողովրդավարության խնդիրները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան», ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն» կուսակցությունների անդամներ, ինչպես նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդն ու Ռամկավար-Ազատական կուսակցության ատենապետի տեղակալը:

«Հայաստանի քաղաքական դաշտը, ցավոք, դեռևս չկայացած երևույթ է: Հենց այդ պատճառով էլ մենք տրանսֆորմացիայի, կուսակցությունների լուծարման վկան ենք դառնում»,- ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը` ելույթ ունենալով քննարկման ժամանակ:

Ռամկավար-Ազատական կուսակցության ատենապետի տեղակալ Էդվարդ Անտինյանն իր հերթին հայտնել է, որ Հայաստանում միջկուսակցական ժողովրդավարություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցություններում բացակայում է բազմակարծությունը: