11 հոկտեմբերի 2010 - 17:52 AMT
ՀՅԴ-ն առաջարկում է ստեղծել ԶԼՄ-ների հնարավորությունների համահայկական քարտեզ

«Հոկտեմբերի 10-ին Երևանում ընթացող ՀՅ Դաշնակցության մամուլի և քարոզչության այլ միջոցների պատասխանատուների խորհրդաժողովում մշակվել են առաջարկություններ, որոնք մենք կներկայացնենք հոկտեմբերի 13-ին՝ Ստեփանակերտում ԶԼՄ-ների համահայկական համաժողովում, որի կազմակերպիչն է ՀՀ սփյուռքի նախարարությունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը: Ըստ Սեյրանյանի, այդ առաջարկներն մասնավորապես ընդգրկում են հետևյալ դրույթները՝ համահայկական ԶԼՄ-ների ներուժի միավորում, ժամանակակից տեխնոլոգիաների ու աշխատանքի մեթոդների կիրառում և տվյալների բազայի ստեղծում, ինչը կնպաստի առավել արդյունավետ համագործակցությանը:

Իր հերթին, «Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր Աբո Պողիկյանը նշել է, որ հարկավոր է գտնել ադրբեջանա-թուրքական քարոզչությանն հակազդելու առավել արդյունավետ միջոցներ: «Այդ նպատակով հարկավոր է ստեղծել համահայկական ԶԼՄ-ների քարտեզ, որպեսզի այդ ոլորտի ներկայացուցիչները սերտ համագործակցեն իրար հետ»,-ասել է Պողիկյանը: Այդ գաղափարի հետ համաձայն է «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը՝ նշելով, որ հարկավոր է ստեղծել ընդհանուր տեղեկատվական համակարգ, որտեղ կհամախմբվի Հայաստանի, ԼՂՀ-ի ու Սփյուռքի ԶԼՄ-ների ներուժը:

ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևի մասին Պողիկյանն ասել է, որ նա թերահավատ է ՀՀ արտաքին քաղաքականության արդյունավետության հարցում հայ-թուրքական գործընթացից հետո: «Սակայն եթե այն փաստը, որ Ադրբեջանը հանեց օրակարգից բանաձևը, ոգևորել է հայ քաղաքական գործիչներին, ապա ես դեմ չեմ, եթե դա ծառայելու է նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,-ասել է նա: «Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայկական կազմակերպությունները պետք է միասնական պայքարեն Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևի ընդունման դեմ, քանի որ այն անմիջական առնչություն ունի Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգությանը»,-ասել է Շահան Քանդահարյանը:

Մեկնաբանելով հայեցի կրթության հետ կապված իրավիճակը՝ Պողիկյանն ասել է, որ ԱՄՆ-ում գործում են մասնավոր հայկական վարժարաններ, որոնց թիվը շատ քիչ է հայ համայնքի ընդհանուր թվի համեմատ: Նա նաև հաղորդել է, որ գլոբալ տնտեսական ճգնաժամի արդյունքում հայ վարժարանների աշակերտների թիվը կրճատվեց 10 տոկոսով, քանի որ մասնավոր վարժանարում ուսումը բավական թանկ արժե: Սակայն Միջին Արևելքի հայ համայնքներում, ըստ Քանդահարյանի, իրավիճակն ավելի բարվոք է: