11 հոկտեմբերի 2010 - 20:26 AMT
ԼՂ քաղաքական կուսակցություններ. Ստեղծված իրավիճակը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանք է

ԼՂՀ տարածքում անցկացվող ԵԱՀԿ դաշտային առաքելության կապակցությամբ Արցախի քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և ստեղծագործական միությունները նամակով դիմել են ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին և Մինսկի խմբի համանախագահներին: Նամակում, որը նույն օրը փոխանցվել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին, մասնավորապես ասվում է. «Ձեզ դիմելու առիթն այս օրերին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ԵԱՀԿ դաշտային առաքելության իրականացումն է և դրա հետ կապված մեր երկրի հանրային-քաղաքական կյանքում շրջանառվող կարծիքներն ու մտահոգությունները: Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը` ԵԱՀԿ առաքելության նպատակն է: Եթե իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում` ԼՂՀ տարածքում:

Լեռնային Ղարաբաղի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին է խոսում այն փաստը, որ 1941-45թթ. պատերազմի տարիներին գործող բանակ է զորակոչվել բնակչության ավելի քան մեկ երրորդը` 44 000 մարդ, որի ուղիղ կեսը զոհվել է: Տոկոսային հարաբերակցությամբ` մարդկային նման ահռելի կորուստներ կրել են միայն այն ժողովուրդները, որ ենթարկվել են ֆաշիստական օկուպացիայի և էթնիկ զտումների: Համեմատության համար, կարծում ենք, արժե նկատել, որ ամբողջ Ադր. ԽՍՀ բնակչության միայն շուրջ 20 տոկոսն է զորակոչվել:

Լեռնային Ղարաբաղի հայաթափման խնդիրը մշտապես եղել է Ադրբեջանի պետական քաղաքականության օրակարգում: 2001թ., ընդունելով մի խումբ գրողների, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը պարծենում էր, որ 1969-82թթ., լինելով Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ, կարողացել է ԼՂ-ում ժողովրդագրական իրավիճակը «արմատապես փոխել հօգուտ ադրբեջանցիների»: Սա այն եզակի դեպքերից է, երբ նախագահ Ալիևը ճշմարտությունն է ասել:

Ներկայում աշխարհի ամենատարբեր երկրներում ապրում են ծագումով ԼՂ-ից շուրջ մեկ միլիոն հայեր, որոնց զգալի մասը քաղաքական հետապնդումների, ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի և ապրուստի հնարավորություն չունենալու պատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը:

Էթնիկական վերջին զտումները ԼՂ-ում, նրան հարակից հայաբնակ Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում ռազմական ուժի բիրտ կիառմամբ իրականացվել են 1991-92թթ., ինչի հետևանքով ավելի քան 50 000 հայեր հայրենազրկվել են: Ընդհանուր առմամբ, 1988-92 թվականներին, Ադրբեջանից տարհանվել են 420 հազար հայեր, որոնք միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածք և հարստություն են թողել այդ երկրում, չարժանանալով որևէ փոխհատուցման:

Ցավոք, Ադրբեջանը փակեց երկխոսության պատուհանը և դիմեց բռնության: Մեզ այլ ելք չէր մնում, քան, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, անկախություն հռչակել, ստեղծել պետական կառավարման ազգային ինստիտուտներ և դիմակայել ռազմական ագրեսիային, որը ավերածությունների ու տասնյակ հազարավոր մարդկային զոհերի ու զրկանքների պատճառ է դարձել: Մինչդեռ մարդկային այս, ինչպես նաև հակամարտության գոտու ադրբեջանցի բնակչությանը բաժին ընկած տառապանքներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանի իշխանությունները տեղաշրջանի հայ մեծամասնության մարդկային իրավունքների նկատմամբ ցուցաբերեին պարզ ընկալունակություն:

Այսպիսով, ստեղծված իրավիճակը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանք է: Ուստի և մարդկային զրկանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ծանրացած է Ադրբեջանի կառավարության վրա: Վերջինիս հանցավոր գործելաոճը շարունակվում է և այսօր, ինչն արտահայտվում է Ադրբեջանում ջանադրաբար իրականացվող հայատյաց գաղափարախոսությամբ, սպառազինության ներմուծման ծավալների սրընթաց աճով և ռազմատենչ հայտարարություններով:

Մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ ստեղծված իրավիճակում, երբ Ղարաբաղյան կողմը զրկված է բանակցային գործընթացին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, հետևանքների համար նորից պատասխանատու է լինելու Ադրբեջանը և խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած կառույցը: Ուստի, ակնկալում ենք, որ ձեր հետագա միջնորդական ջանքերը ոչ թե կքաջալերեն նոր արյունահեղության մոլուցքով տառապող Ադրբեջանի հիվանդ երևակայությանը, այլ կսթափեցնեն նրան և կնպաստեն քաղաքակիրթ երկխոսության միջավայրի ձևավորմանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը»: