12 հոկտեմբերի 2010 - 11:43 AMT
Էդվարդ Նալբանդյան. Միջազգային հանրությունը խոսում է մեկ լեզվով, իսկ թուրքական կողմը` մեկ ուրիշ

2009-ի տարի` հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում, լարված բանակցություններից հետո Հայաստանը և Թուրքիան համաձայնության եկան, և երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները: Այս մասին Wall Street Journal-ում տպագրված հոդվածում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանում մենք առաջնորդվում էինք այնպիսի ապագայի տեսլականով, որում սերունդները կապրեն խաղաղության և անվտանգության պայմաններում: Հայկական կողմի այս նախաձեռնությունը դրական արձագանք գտավ Թուրքիայի նախագահի կողմից, և դա մեզ թույլ տվեց վստահ ներդրում կատարել հաշտեցման երկարատև գործընթացի մեջ:

Մեր դիրքորոշումը արտացոլված էր հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների հայտնի մոտեցման մեջ: Դա էր Թուրքիայի հետ բանակցությունները սկսելու հիմնական սկզբունքը: Այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը և եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` սկսած շվեյցարացի միջնորդներից մինչև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, ԵԱՀԿ, ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս կիսում է այս մոտեցումը: Դժբախտաբար, Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն խուսափեց արձանագրությունները վավերացնելուց, այլև վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը:

Թվում է` մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Մի կողմից թուրքական իշխանությունները ձևացնում են, թե միշտ պահպանում են pacta sunt servanda (պայմանագրերը պետք է կատարվեն) սկզբունքը, սակայն, մյուս կողմից, նրանք հրաժարվում են իրենց իսկ կողմից ստորագրված համաձայնագրերը վավերացնելուց և իրագործելուց: Նրանք պնդում են, թե չունեն նախապայմաններ, ու որ նրանք պարզապես պահանջում են, որ մենք կատարենք այս կամ այն բանը, նախքան նրանք կկարողանան առաջ գնալ վավերացման գործընթացում: Արդյո±ք սա նշանակում է, թե նրանք նախապայմաններ չունեն»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Թուրքիան փորձում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ: Նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չեն ուզում հանդես գալ իբրև միջնորդներ, այլ ցանկանում են անմիջականորեն բանակցել հայերի ու ադրբեջանցիների միջև` լուծում գտնելու համար:

Ղարաբաղյան գործընթացին միջամտելու կամ Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի սեփական ընկալման հետ կապելու թուրքական կողմի ցանկացած փորձ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը քանիցս ընդգծել են Հայաստան-Թուրքիա կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարները, ողջ միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը խոսում է մեկ լեզվով, իսկ թուրքական կողմը` մեկ ուրիշ»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: