12 հոկտեմբերի 2010 - 13:07 AMT
Սովի գլոբալ ինդեքս. Հայաստանում գրանցվել է թերսնման միջին մակարդակ

Համաձայն Պարենային քաղաքականության ուսումնասիրման միջազգային ինստիտուտի տվյալների, այսօր աշխարհում թերսնվում է ավելի քան մեկ միլիարդ մարդ: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման բարձր ցուցանիշների գլխավոր պատճառը թերսնուցումն է երեխաների շրջանում: Սովի առավել բարձր մակարդակ գրանցվել է աֆրիկյան երկրներում` Սահարայից հարավ, և Հարավային Ասիայում:

Միաժամանակ նախկին ԽՍՀՄ երկրների մեծամասնությունում սովի ցուցանիշները ամենացածր մակարդակում են, այսինքն իրավիճակն այդ ոլորտում համեմատաբար բարվոք է: Սակայն Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում նկատվում է թերսնման միջին մակարդակ:

ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը սովը բնորոշում է որպես օրական 1800 կալորիայից քիչ սննդի ընդունում։ Դա նվազագույնն է, որն անհրաժեշտ է ակտիվ և առողջ կյանքի համար

Զեկույցի հեղինակները նշում են, որ աշխարհում քաղցած մարդկանց թիվը 1996-ից մինչև 2006-ը նվազել էր, բայց վերջին տարիներին այդ ցուցանիշը բարձրացել է: