12 հոկտեմբերի 2010 - 21:07 AMT
Բորիս Գրաչևսկին և Հարրի Բարդինը Երևան են ժամանել

Երևանում մեկնարկեց Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: Բացման հանդիսավոր արարողությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, որին տոնական համերգ էր նախորդել: Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն են ռեժիսոր, «Երալաշ» հումորիստական կինոամսագրի հեղինակ Բորիս Գրաչևսկին, աշխարհահռչակ ռեժիսոր և անիմատոր Հարրի Բարդինը, ինչպես նաև դերասաններ և ռեժիսորներ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, ՀԱՀ-ից, Թուրքիայից և այլ երկրներից:

Փառատոնը ներառում է մի քանի անվանակարգեր, որոնցից մեկն առանձնահատուկ, սոցիալական բնույթ է կրում, այն կոչվում է «Ես իրավունքներ ունեմ»: Անվանակարգն այս տարի է ստեղծվել և ուղղված է երեխաների իրավունքների մասին տեղեկատվության տարածմանը: Այդ անվանակարգում մի քանի ֆիլմեր են ներկայացված, այդ թվում` Ուկրաինայից, Հնդկաստանից, Գերմանիայից, Թուրքիայից և այլ երկրներից:

«Այս փառատոնը տարիների ընթացքում ժամանցայինից վերածվել է երեխաների իրավունքների պաշտպանության լայն պլատֆորմի: Բոլոր երեխաներն ունեն իրավունքներ, բայց բոլորը չեն, որ կարող են օգտվել այդ իրավունքներից: Նրանք աղքատ ընտանիքներում են ապրում կամ հաշմանդամություն ունեն և շատ ավելի մեծ թվով բարդությունների են հանդիպում կյանքում: Այս փառատոնը հզոր պլատֆորմ է, որում կարելի է բարձրացնել նրանց խնդիրները»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:

Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գրիգորի Գլադկովը:

Փառատոնը բացվեց «Օդաչու» ստուդիայի մուլտֆիլմերով: Ինչպես նշել է Ռոլան Բիկովի անվան Հայկական հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը, բացման ֆիլմը պետք է հայտարարեր Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Նազարովը, սակայն նա հիվանդության պատճառով չկարողացավ ժամանել:

Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 16-ը, որի շրջանակներում բացի ֆիլմերի ցուցադրությունից տեղի կունենան բազմազան միջոցառումներ: Ընդհանուր առմամբ փառատոնում ներկայացված են 81 ֆիլմեր 27 երկրներից: