12 հոկտեմբերի 2010 - 21:37 AMT
ՀՀ նախագահը Հայ օգնության միության100-ամյակի առթիվ ընդունել է կանանց բարեսիրական կազմակերպության` ՀՕՄ-ի անդամներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանի առթիվ աշխարհի 26 երկրից Հայաստան ժամանած կանանց բարեսիրական կազմակերպության` ՀՕՄ-ի անդամներին: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով նրանց` Հայ օգնության միության հիմնադրման 100-ամյակի առթիվ, հանրապետության ղեկավարը նշել է, որ հարյուր տարի առաջ կանանց հասարակական, բարեսիրական կազմակերպություն ստեղծելու գաղափարը պետք է որ շատ ռոմանտիկ և անիրագործելի թվար: Իսկ դրա հաջողության գաղտնիքը, նախագահի համոզմամբ, անհրաժեշտ է փնտրել մի կողմից հայ կանանց կրթվածության, պատրաստվածության ու դաստիարակության, մյուս կողմից` նրանց բնատուր խելքի ու նվիրումի մեջ:

«Այն, ինչ իրականացրել է ՀՕՄ-ը 1910 թվականից սկսած մինչև այսօր քաղաքական ու աշխարհագրական ամենատարբեր իրավիճակներում, կարելի է և պետք է սխրանք համարել: Սոցիալական, առողջապահական, կրթական, որբախնամ և բազում այլ ոլորտներում ՀՕՄ-ուհիների նախաձեռնությունները, իրականացրած և իրականացվող ծրագրերը արժանի են գնահատանքի ու երախտագիտության: Աշխարհում քիչ կազմակերպություններ կան, որ կարող են հպարտանալ մեկդարյա անընդմեջ ակտիվ ու արդյունավետ գործունեությամբ: Այսօր առիթ է շեշտելու, որ մենք հպարտ ենք հայ կանանց առաքինություններով և տպավորված նրանց զոհաբերությունների չափով: Հայ կինն ունի քաղաքացիական պարտքի գիտակցություն, որը դրսևորվում է որպես հավաքական մտածողություն և հավաքական ուժ»,- ասել է նա:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ ՀՕՄ-ը ձևավորել է ազգային գաղափարների, բարեգործության ու բարեսիրության մի ներդաշնակ համադրություն, որ իր գործունեության առանցքն է կազմում: Նրա խոսքով, բարեսիրությունը կենսակերպ է, մարդու տեսակ: Հենց այդ տեսակն է, որ անկախ կազմակերպական պատկանելությունից, ստեղծում ու զարգացնում է մարդասիրական ինստիտուտը: Այս առանձնահատկությունը թանկ է մեզ համար:

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նման կազմակերպությունները և, առաջին հերթին, հենց ՀՕՄ-ն արդեն կայացած արժեքներ են և զգալիորեն նպաստում են հայկական պետության կայացմանն ու առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի հասարակության ներդաշնակ զարգացման գործին: «ՀՕՄ-ն այսօր մեր երկրում, որտեղ իսկապես հոգսերը շատ են, մարդասիրական ծրագրեր իրականացնող կարևորագույն կազմակերպություններից է: ՀՕՄ-ը Սփյուռքից Հայրենիք վերադարձավ ողբերգական առիթով` 1988 թվականի երկրաշարժից հետո, բայց այդ վերադարձն անխուսափելի էր անկախ հանգամանքներից: Դուք միշտ այնտեղ եք, որտեղ ցավ կա, որտեղ կարիք կա, որտեղ օգնության ու աջակցության սպասում կա: Ցանկանում եմ մեծ հաջողություններ ձեր հայրենանվեր գործում»,-ասել է նա:

ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Ալվարդ Պետրոսյանն իր հերթին բոլոր ՀՕՄ-ուհիների անունից շնորհակալություն է հայտնել հանրապետության ղեկավարին` ընդգծելով, որ կանանց բարեսիրական կազմակերպությունն այսուհետ էլ շարունակելու է գործել սեփական երկրում արժանապատիվ ապրելու և հայրենիքին մեծագույն նվիրումով ծառայելու մղումով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: