12 հոկտեմբերի 2010 - 22:03 AMT
Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Բրայան Մեյին ՀՀ Պատվո շքանշան է հանձնվել

Հոկտեմբերի 7-ին Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում հյուրընկալվել էր բրիտանական հանրահայտ «Քուին» (Queen) ռոք խմբի անդամ, մեծանուն երաժիշտ Բրայան Մեյը: Նրան Հայաստանին մատուցած ծառայությունների համար դեսպանության ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհած Պատվո շքանշանը: Իր երախտագիտության խոսքում Բրայան Մեյը նաև ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկավության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ Բրայան Մեյը, որը դասվել է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների շարքը, հայտնի է նաև որպես բազմաթիվ մարդասիրական և բարեգործական ծրագրերի, այդ թվում՝ 1988թ. աղետալի երկրաշարժի հիշատակին նվիրված «Ռոքը օգնում է Հայաստանին» («Rock Aid Armenia») նախագծի մասնակից: