13 հոկտեմբերի 2010 - 11:39 AMT
Համահայկական տեղեկատվական դաշտը կնպաստի կեղծիքների վրա հիմնված հակառակորդի քարոզչությունը չեզոքացնելուն

Այն, որ համաժողովը անց է կացվում մեզ մոտ` Արցախում, չափազանց կարևոր ու խորհրդանշական է բոլոր առումներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, մասնավորապես, սփյուռքի նախարարությանը` այս հանգամանքը հաշվի առնելու և Ստեփանակերտում համաժողովը բարձր ներկայացուցչական մակարդակով կազմակերպելու համար: Համոզված եմ, որ այն դրական դերակատարություն կունենա համահայկական տեղեկատվական դաշտի զարգացման գործում: Այդ մասին «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրատվությունը» լրատվամիջոցների և լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Միանգամայն ակնհայտ է, որ տեղեկատվության ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման ու զորացման, աշխարհով մեկ սփռված հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, Արցախի միջազգային ճանաչման, համազգային նպատակների իրականացման հանգուցային բաղադրամասերից է:

Անգնահատելի է հայ լրատվության դերը համահայկական կարևորագույն խնդիրների` հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնահարցի ճշմարտացի լուսաբանման գործում: Այս խնդիրների լուծումն անհնարին է առանց հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնական ջանքերի համախմբման: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ կապեր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական և այլ շրջանակների միջև: Ողջունելի է, որ համաժողովի ընթացքում լայնորեն կքննարկվեն վերոհիշյալ հարցերը: Հուսով եմ, այդ քննարկումներն օգտակար կլինեն միասնական լրատվական ճակատն ուժեղացնելու, առկա բացերը շտկելու, կեղծիքների վրա հիմնված հակառակորդի քարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակման տեսանկյունից:

Բարեկամներ, վստահ եմ, որ այս համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի տեղեկատվական ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանը»,- ասել է ԼՂՀ նախագահը: