13 հոկտեմբերի 2010 - 18:23 AMT
Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության շարունակումը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Գլենդեյլում հանդիպել է Արևմտյան Ամերիկայում Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամների հետ: Հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծման նպատակով ներկայացված առաջարկների առնչությամբ պատվիրակությունը դեսպանի ուշադրությունը դարձրել է այն փաստին, որ նախապատվությունը պետք է տրվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին: Այդ կապակցությամբ ՍԴ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել Արցախի ղեկավարության վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` կուսակցության անդամները մատնանշել են թուրքական կողմից անազնիվ և անլուրջ մոտեցումը, որն առավել խորացնում է անվստահության մթնոլորտը: Ընդ որում, նրանք համարում են, որ երկու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման ամենաարդյունավետ միջոցը Հայոց ցեղասպանության ճանաչումն է Թուրքիայի կողմից: Մարի Յովանովիչն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության շարունակումն առանց որևէ նախապայմանների: